Հայ բեմարվեստի մշուշոտ հեռուներից ուրվագծվում է երազանքի նման չքնաղ, հեքիաթի պես անիրական կանացի մի կերպարանք։ Նա կենսագրություն և լրիվ անուն չունի և մեզ ներկայանում է արվեստի մականունով` վարձակ Նազենիկ։ Խորենացին իր պատմության մեջ այսպես է գրում. «...զի հոյժ գեղեցիկ էր և երգեր ձեռամբ...»։
Անցյալում վարձակ էին կոչվում պրոֆեսիոնալ պարուհիները կամ մերօրյա մնջախաղի դերասանուհիները։ Պատմահայր Խորենացուց մեկուկես հազարամյակ հետո Նազենիկի կերպարին անդրադարձել է Դանիել Վարուժանն իր նշանավոր «Հարճը» պոեմում։ Նազենիկը դարձել է կնոջ և արվեստի, կին-արվեստագետի ողբերգական խորհրդանիշը։
«Արվեստը բռնադատված է և անազատ, կյանքի տերերի կողմից խլված և սեփական կամքից, ցանկություններից զուրկ»,- այս է պոեմի լեյտմոտիվը։
Եթե նույնիսկ սերն ու հիացմունքն է առկա, արվեստը դատապարտված է կործանման, կինը, ինչպես և արվեստը, դատապարտված է կործանման, կինը, ինչպես և արվեստը, հարճացած է, աղախին դարձած, որովհետև գեղեցկությունը և տաղանդը կյանքում զոհաբերվում են իշխանությանը և հարստությանը։ Հայ բեմի քրմուհիներից շատերի կենսագրության մեջ կրկնվել են նույնպիսի եղերական դիպվածներ, երբ նրանք խանդավառել են հանդիսականին, իսկ իրենք տառապել են, ցույց տալով ժպիտ, իրենց են պահել արցունք ու կսկիծ։
Հոդվածում կարտացոլվեն բեմին ծառայած հայուհիներից մի քանիսի ողբերգական դիմապատկերները, թեև իրականում նրանց թիվը մեծ է։ Ինչո՞ւ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար ի սկզբանե դժվար է եղել բեմ մուտք գործելը։ Պատճառը պարզ է. անգամ անտիկ Հունաստանում` թատրոնի հայրենիքում, բեմարվեստը համարվել է «տղամարդու գործ», և այդ արտոնությունն ունեցել են լոկ այր մարդիկ, որոնցից ոմանք կատարել են կանանց դերը։ Նրանց կոչում էին «Դիոնիսոսի կամ Բաքոսի ծառաներ», իսկ կանայք միշտ էլ պայքարել են թատրոնում տեղ ունենալու համար։ Եվ այդ կանանց թվում առանձնահատուկ և առաջինը հնչում է ԱՐՈՒՍՅԱԿ ՓԱՓԱԶՅԱՆԻ անունը։ Նա թողեց ուսուցչուհու իր համեստ, բայց պատվավոր աշխատանքը և իր բախտը կապեց հայ նորաստեղծ բեմարվեստին։
Արուսյակը գեղեցկուհի չի եղել, բայց համակրելի արտաքին է ունեցել, ճկուն կազմվածք, բարեձև հասակ։ Նա առաջին տրավեստին է հայ թատրոնում, որը փայլուն է կատարել պատանիների և երիտասարդ տղաների դերերը։ Բացի նրբին մարմնաձևերից, նրան օգնում էր խրոխտ, պոռթկուն, կայծկլտուն հոգին։ Նույնքան հեշտությամբ նա անձնավորել է հայ կանանց և օտարուհիների` ողբերգական և կատակերգական ժանրերում։ Արուսյակի աստեղային տասնամյակը համալրել է 19-րդ դարի 60-70-ական թվականների կեսերը։ «Արևելյան թատրոնում» բոլոր բեմադրությունների կենտրոնական կերպարներն ինքն է անձնավորել։ Հայ հանդիսատեսն առաջին անգամ մայրենի լեզվով ունկնդրել է հանճարեղ Դանթեի «Աստվածային կատակերգությամբ» անմահացած թշվառ Ֆրանչեսկոյին, Մոլիերի «Տարտյուֆի» հնարագետ ֆրանսուհի Էլմիրին։ Ամենահաջողվածը, թերևս, Հյուգոյի «Անջելո» ռոմանտիկական դրամայի հերոսուհի Թիզբեի կերպարն էր, որի բնավորության գծերը շատ նման էին դերասանուհու ճակատագրին։ Պիեսի հերոսուհին կարողանում է սեփական վշտերի, խորունկ սիրո, անգամ կյանքի կորստյան գնով դիմագրավել բռնությանը։ Թիզբե-Արուսյակն անձնուրաց էր, համարձակ, որը քննադատում էր մարդկային սուրբ զգացումները ոտնակոխ անող խավարամիտներին։
Արուսյակ Փափազյանի երկրպագուներից շատերն էին ամուսնության առաջարկ անում, բայց նա ընտրեց Սեփոնիկ Պեզիրճյանին, որն արվեստի մարդ էր` մանրանկարիչ, քանդակագործ և պետք է լավ հասկանար կնոջը։ Սակայն ամուսինը բացարձակ խոչընդոտում էր նրա բեմական գործունեությանը։ Զավակի ծնունդը որոշ ժամանակ Արուսյակին հետ պահեց բեմից, բայց չկտրեց։
1863-ին օսմանյան մայրաքաղաք է ժամանում Իտալիայի մեծագույն դերասանուհի Ադելաիդա Ռիստորին, որին Եվրոպայում և Ամերիկայում տրվել էր աշխարհի լավագույն կին-ողբերգակի տիտղոսը։ Նա ներկայացրել է Ֆրանչեսկայի, Մեդեայի և Հուդիթի կերպարները` իր դերացանկի անգերազանցելի դերերը։ Մեծ արտիստուհին հմայել է բոլորին, բայց երբ հայերեն այդ նույն դերերը կատարել է Արուսյակը, շատերն ավելի բարձր էին դասում նրա կատարումները, հատկապես հայ արտիստուհու Հուդիթը։ Հայրենասեր գեղեցկուհի Հուդիթն իր հայրենակիցներին փրկելու համար թափանցում է բաբելոնյան նվաճողների բնակատեղին, իր հմայքով հրապուրում զորապետ Հողոփեռնեսին և ապա գլխատում նրան։ Մեդեայի և Հուդիթի միջև կա ընդհանրություն` վրեժի կիրքը։ Եթե Հուդիթին մարդասպանության է մղում հայրենասիրությունը, ապա Մեդեան վրեժխնդիր է լինում իրեն լքած, ուրիշին կնության առնող Յասոնից, բայց ի՞նչ եղանակով։ Մեդեան զգում էր, որ, բացի ամուսնուց, նա կորցնում է նաև իր զավակներին, որոնք պատրաստ են լքելու իրենց աղքատացած մորը և ապրելու արքայական պալատում, շրջապատված շքեղությամբ և մորացուի գուրգուրանքով։ Եթե մորը զրկում են մայրությունից, բնական է, որ նա վարվի ոչ մոր պես... Կարո՞ղ էր փառքի գագաթնակետին գտնվող Արուսյակի մտքով անցնել, որ թշվառ Մեդեայի ճակատագիրը կարող է իրեն նույնպես խելագարության ամենակուլ վիհին մոտեցնել...
Ընտանեկան անախորժությունները հետզհետե տագնապալից էին դառնում։ Համատեղ կյանքը չդասավորվեց անգամ երկրորդ և երրորդ երեխաների ծննդից հետո։ Դերասանուհու մոտ ի հայտ եկան ջղային սուր նոպաներ։ Իսկ թատրոնում իր դերերը տալիս էին նորերին, անարդարացի վարվում իր հետ, նրանց փառաբանում։ Ի լրումն այս ամենի` ամուսինը լքում է նրան, և վիրավորված ինքնասիրությունը ստիպում է Արուսյակին հեռանալ թատրոնից, ապրել զավակների հետ չքավորության մեջ։
Տարիներ անց ճակատագրական մի դեպք փշրեց նրա կյանքը վերջնականապես։ Արվեստակից ընկերները որոշում են բեմադրել «Անջելոն» և նրան վերադարձնել բեմ։ Փորձերը լավ էին ընթանում, ասես Արուսյակը վերածնվում էր։ Նա խաղում էր կատարյալ նվիրումով և շտկում իր դերն ամեն օր։ Վերջին փորձից հետո, երբ Արուսյակը դուրս էր գալիս հետնամուտքից, նրա դիմաց կանգնում է ոխերիմ թշնամին, իր հոգեկան խռովքի գլխավոր պատճառը։ Սկզբում նա այլայլվում է, ապա գրոհում դիմացինի վրա անեծքներով և սպառնալիքներով։ Դժվար էր ամոքել ափերից դուրս եկած կնոջը, որը համոզված էր, թե դիտմամբ էր կազմակերպված այս հանդիպումը։ Գուցե լարվածության և տագնապի հետևանք էր այս ամենը։ Հարվածն անակնկալ էր, հետևանքն` անդարմանելի։ Հոգեկան խանգարումն ապաքինել այլևս հնարավոր չեղավ։ Եվ այս ողբերգությունը տևել է չորս տասնամյակ։ Նախկին դերասանուհին անխնամ հագնված, վաղաժամ ճերմակած մազերն ուսերին, սև շալը մեջքին թափառում էր Պոլսո փողոցներում։ Անցորդները «խենթ Արուսյակ» են կոչել նրան` առանց գիտենալու, որ հայ բեմի փառքն է շրջում ուրվականի պես։ 1907 թ., երբ կարելի էր նշել Արուսյակի բեմ դուրս գալու հիսնամյակը, նա կնքում է իր մահկանացուն։ Երբեմն, ուղեղի պայծառության ժամերին, նա ասում էր իր ծանոթ այցելուներին.
-Աղոթեցեք, որ ժամ առաջ մեռնիմ...
Մելսինե ՀԱԿՈԲՅԱՆ